Մայրաքաղաքը շնչում և ապրում է իր բնակիչներով, և ես սիրում եմ Երևանն այդպիսին. Տարոն Մարգարյան

Մայրաքաղաքը շնչում և ապրում է իր բնակիչներով, և ես սիրում եմ Երևանն այդպիսին. Տարոն Մարգարյան

21/04/2017

Tert.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետ և Երևանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանն անդրադառնում է մրցակից քաղաքական թիմերի կողմից իր հասցեին հնչող քննադատությանը, քաղաքի զարգացման ծրագրերին, «Հին Երևան» նախագծին և, վերջապես, հարցին, թե որն է համարում իր գլխավոր գործը քաղաքապետի պաշտոնում:

-Պարո՛ն Մարգարյան, Երևանի քաղաքապետի պաշտոնում շուրջ 5 տարվա աշխատանքում որը կմատնանշեիք որպես Ձեր, պատկերավոր ասած, ամենամեծ գործը և որը՝ ամենաանհաջողը:

-Ամենակարևորն այն է, որ մենք վերականգնեցինք երևանցու հավատը իր քաղաքի հանդեպ, իր ապագայի հանդեպ։ Մեր քաղաքացիներն անմիջականորեն մասնակցում են Երևանի ապագայի կերտմանը, իրենց ձայնը, խոսքը և գործը որոշիչ են եղել այս տարիների ընթացքում, և ես վստահ եմ՝ այդպես կլինի նաև մայիսի 14-ից հետո: Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա նրանք շատ են, բոլոր հարցերը միանգամից լուծելն իրատեսական չէ, մեզանից մի անգամ ավելի մեծ հնարավորություններ ունեցող մայրաքաղաքները նույնպես կանգնած են բազում-բազմապիսի հարցերի առջև, և քաղաքի զարգացումն ու պատմությունը երբեք չեն ավարտվելու:

-Չե՞ք կարծում, որ Երևանի տրանսպորտի հարցը Ձեր ամենաթույլ կողմ է: Համենայնդեպս, Ձեր ընդդիմախոսները մատնանշում են՝ «տրանսպորտում կռացած օրիորդներ»:

-Մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի արդիականացման ծրագիրը մշակման փուլում է: Այս ոլորտի բարեփոխումները լինելու են մեր հաջորդ տարիների գերակայություններից մեկը: Միջազգային գործընկերների, մասնավոր հատվածի և կառավարության ներգրավմամբ մենք կտանք Երևանում հանրային տրանսպորտի խնդրի լուծման մեր տարբերակը: Մեր նախընտրական ծրագրում մանրամասն անդրադարձ է կատարված իրականացվելիք ծրագրերին:

-Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանն օրերս «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարեց, որ մետրոյի հարցում քաղաքային իշխանությունների դիրքորոշումը, որ այն ահռելի գումարներ է պահանջում՝ մոտ 1.5 միլիարդի (մետրոյի յուրաքանչյուր կիլոմետր կառուցելու համար 1.2-1.6 միլիարդ դոլարի հաշվարկով), սխալ է, և ավելացրեց, որ փող կա, ցանկություն չկա և որ այն հույժ անհրաժեշտ է Երևանի համար: Մասնավորապես, առնվազն 3 ուղղություններով Հալաբյանից ՝ Ֆիզիկայի ինստիտուտից դեպի Զեյթուն, Նորքի զանգված և Աջափնյակով Շենգավիթ համայնք՝ վերգետնյա ճանապարհով: Ի՞նչ կարող եք հակադարձել:

-Հակադարձելու խնդիր չունեմ: Երևանի ավագանու ընտրությունները, թեպետ քաղաքական են իրենց ձևով, բայց մաքսիմալ ապաքաղաքական են իրենց բովանդակությամբ: Ուստի այս և նման հարցերի շուրջ խոսակցությունը մասնագիտական պետք է լինի, առանց քաղաքական համատեքստերի: Մետրոպոլիտեն ունենալը քաղաքի ձեռքբերումն էր, այն փայփայել, արդիականացնել ու զարգացնելը՝ մեր պարտականություններից մեկը: Հավաստիացնում եմ` շատ կցանկանայի, որ հենց իմ ղեկավարության տարիներին Երևանում մետրոյի նոր կայարաններ կառուցվեն:

-Երևանի պատմամշակութային դեմքի ու դիմագծի կորուստը՝ պատմական շենքերի քանդմամբ, ևս Ձեր՝ որպես գործող քաղաքապետի օգտին չի խոսում: Այս իմաստով շատերն ասում են՝ նայեք Թբիլիսիին, նայեք Երևանին, որը վերջին տարիների ընթացքում կորցրեց իր պատմական շերտը, որով մենք գոնե Երևանում հպարտանալու առիթներ չենք ունենում և այն չենք կարողանում ցույց տալ Հայաստան այցելող զբոսաշրջիկներին:

-Ինքս, լինելով երևանցի, ազգային մշակույթի և գաղափարախոսության վրա մեծացած մարդ, շատ եմ կարևորում մեր մայրաքաղաքի պատմական դիմագծի պահպանումը: Ցավոք, տարիների ընթացքում հին շենք-շինությունների տեղափոխման աշխատանքներն արդեն մեկնարկել էին, և մեզ համար առաջնային է այժմ «Հին Երևան» նախագծի լիարժեք իրագործումը: Եկեք չխորամանկենք և զուգահեռներ չանցկացնենք այլ մայրաքաղաքների հետ: Երևանը հաջորդ տարի նշելու է իր ծննդյան 2800-ամյակը, ու վստահ եմ՝ արժանապատվորեն է նշելու, որպես աշխարհի ամենահին գործող մայրաքաղաքներից մեկը, որպես ամենաանվտանգ և հյուրընկալ քաղաքներից մեկը:

-Ի՞նչ զարգացման ծրագրեր կան Երևանում առաջիկայի համար:

-Մեր նախընտրական ծրագիրն իր մեջ է ամփոփում մեր տեսլականը Երևանի ապագայի մասին, տալիս է պատասխաններ ամենահրատապ և կարևոր խնդիրներին: Մեր ծրագրում մենք ամփոփել ենք և՛ մեր, և՛ միջազգային փորձը: Այն հավակնոտ է, բայց իրատեսական: Քաղաքային կյանքի բոլոր ոլորտներում պատրաստ ենք շարունակել սկսածը՝ հանուն Երևանի, հանուն ժամանակակից, հարմարավետ, կանաչ, լուսավոր, բարեկարգ, մշակութային, կիրթ և առողջ Երևանի:

-Դուք ԽՍՀՄ օրոք քաղբանտարկյալ Անդրանիկ Մարգարյանի որդին եք: Ձեզ՝ որպես պահպանողական կուսակցության ներկայացուցչի ու Անդրանիկ Մարգարյանի որդու, չե՞ն անհանգստացնում երևանյան փողոցները՝ անվանակոչված սովետական դեմքերի անուն-ազգանուններով և կամ խորհրդանիշներ պարունակող:

 

-Հայրս մեծ ներդրում ունի Հայաստանի անկախության և պետականության գործում: Ես չէ, որ պետք է գնահատականներ տամ այս կապակցությամբ: Պահպանողականությունն ի դեպ տարբերվում է հեղափոխականությունից նաև նրանով, որ դեմ է «քանդել-սրբել-տանելուն»: Մեր ժողովրդի պատմությունը տարբեր էջեր է ունեցել, էպոխաներ են փոխվել: Ես անձամբ դեմ եմ պատմության վերանայմանը, ռևանշիզմին, արհեստական մաքրազերծումներին: Սովետական Հայաստանը մեր պատմության մի մասն է արդեն դարձել: Ու չեմ ցանկանում հիմա վերլուծություններ անել այս թեմայով: Մեր նորագույն պատմության հերոսները նույնպես պիտի իրենց տեղն ու անունը հավերժացնեն մեր մայրաքաղաքում: Քաղաքը պիտի պահպանի իր պատմության շերտերը, թե չէ ամեն հաջորդ կցանկանա նորից վերագնահատել անցյալը և իր պատկերացումներով պատմությանը գնահատական տա:

-Ինչո՞ւ Ձեր ավագանիի ցանկում չկան բնապահպաններ ու Երևանի պրոբլեմների մասին բարձրաձայնող քաղաքացիական ակտիվիստներ:

-Այդպես չէ, ՀՀԿ ավագանիների թեկնածուների ցանկում է այս ոլորտի հանրապետության լավագույն մասնագետներից մեկը, ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի տնօրեն պարոն Ժիրայր Վարդանյանը: Միաժամանակ քաղաքապետին կից գործում է բնապահպանական հարցերով խորհուրդ, որտեղ մենք նույնպես լսում ենք մեր բնապահպանական հանրույթի բազմաթիվ մասնագետներին:

-Անդրադառնանք այս ընտրությունների համար արդեն ծեծված մի թեմայի՝ երևանցի և ոչ երևանցի: Դուք Ձեզ համարո՞ւմ եք երևանցի և ի՞նչ կարծիք ունեք այն տեսակետի առնչությամբ, որ ոչ երևանցին չի կարող լինել Երևանի քաղաքապետ:

-Ես ինձ համարում եմ երևանցի: Մեր քաղաքում են ծնվել հայրս, մայրս, ես, կինս և երեխաներս: Երևանը համայն հայության մայրաքաղաքն է, և սա իրականություն է, ոչ թե կենաց: Երևանցի դառնում են մտածելակերպով, աշխարհընկալմամբ, ներքին մշակույթով: Զուտ օրենքի տեսակետից՝ առաջադրված գործընկերները բավարարում են պահանջներին, և ես հարգում եմ իրենց որոշումը:

-Առաջին անգամ արձանագրվում է կին քաղաքապետի թեկնածուի մասնակցություն Երևանի քաղաքապետի ընտրություններում: Ձեր մրցակցությունը Զարուհի Փոստանջյանի և «Ելք»-ի հետ ինչպե՞ս եք դիտարկում:

-Մեր ծրագրերում ոչինչ չի փոխվել, մենք մեր քաղաքացիներին ներկայացնելու ենք թե՛ մեր կատարած աշխատանքների հաշվետվությունը, թե՛ մեր տեսլականը Երևանի ապագայի մասին: Ունենք փորձ, լավ թիմ, հաջողված բազում ծրագրեր և ցանկություն՝ ևս մեկ անգամ ստանալ երևանցիների վստահությունը և շարունակել աշխատել հանուն Երևանի:

-«Ելք»-ի քաղաքապետի թեկնածուն երգեց։ Դուք պատրաստվո՞ւմ եք նրան «հակադարձել» և եթե այո, ապա ի՞նչ երգով:

-Լավ է, որ ընտրությունների առիթով Երևանի պաշտոնական օրհներգը սովորում են, կատարում են: Բայց եկեք PR-ը տարբերենք աշխատանքից:

-Դուք ՀՀԿ համամասնական ցուցակի 2-րդ համարն եք, եթե ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններից հետո պետք է առաջադրվեիք Երևանի քաղաքապետի ընտրություններում, ինչո՞ւ էր Ձեր անունը գրվել երկրորդ հորիզոնականում:

-Այս հարցին անդրադարձել եմ: Ես հանրապետական եմ շատ վաղուց, եղել եմ հորս կողքին միշտ, կուսակցությունն ինձ համար հարազատ օջախ է, ընտանիք է, տուն է: Ինձ համար պատիվ էր ներկայանալ ՀՀԿ համապետական ցուցակում նման բարձր հորիզոնականում: Ուրախ եմ նաև, որ իմ լուման ունեցա կուսակցության հաղթանակի մեջ:

- Զբոսնո՞ւմ եք քաղաքով և ո՞ր փողոցներով եք սիրում զբոսնել:

- Շատ հաճախ՝ և՛ աշխատանքային պարտականությունների շրջանակներում, և՛ ընտանիքով, և՛ այն պահերին, երբ ժամանակս ներում է: Սիրում եմ իմ հայրական տան բակը, իմ մանկության Երևանը: Մայրաքաղաքը շնչում և ապրում է իր բնակիչներով և ես սիրում եմ Երևանն այդպիսին՝ մարդկանցով, ժպիտներով և բարությամբ լի՝ լինի դա Փոքր Կենտրոնը, թե ծայրամասային վարչական շրջանները:

Տեսահարթակ

  • Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

    Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

  • #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

    #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

  • Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

    Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

  • #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

    #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

  • Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

    Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

  • #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

    #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

  • Բարի գալուստ Երևան

    Բարի գալուստ Երևան

  • #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

    #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

  • #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

    #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

  • #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

    #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

  • Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

    Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

  • Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

    Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

  • Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

    Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

  • Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

    Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

Ներբեռնել հեռախոսի զանգ

Հանուն Երևանի 1 MP3 Հանուն Երևանի 2 MP3 Հանուն Երևանի /remix-1/ MP3 Հանուն Երևանի /remix-2/ MP3

© 2017, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հասցե' Հայաստան, 0010, Երևան, Մելիք-Ադամյան փող., 2 շենք